«Երևանյան բեսթսելեր». «Սուրբծննդյան հրեշտակը» առաջին տեղում է. թարգմանական. հունվար, 2020

Armenpress 10:05, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունվարի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն» երկրորդ տեղում է: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլավյանի:

Երրորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Հինգերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Վեցերորդ տեղում է Թոմ Հենքսի «...Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով՝ հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ է զգացվում: Գիրքը թարգմանել է Ռուզան Ազիզյանը:

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը յոթերորդ տեղում է: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերեն է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:

Ութերորդ տեղում է Ալբեր Կամյուի «Անկումը»: Գիշերային Ամստերդամի աղմկոտ գինետներից մեկում մի անծանոթ՝ բաժակը ձեռքին, անանուն զրուցակցին է ներկայացնում իր վերելքների ու վայրէջքների պատմությունը: Մտացածին երկխոսություն, որտեղ ընթերցողին է վիճակված գուշակել պատասխանները: Ալբեր Կամյուի՝ 1956-ին գրված այս վիպակի առանցքում իրական անկման մի պատմություն է. գիշերային Փարիզի կամուրջի բազրիքին կռթնած երիտասարդ մի անծանոթուհի, որին չի հաջողվում փրկել: Գլխավոր հերոսի հետագա կյանքը, ինչպես և իրականությունն իր շուրջ դառնում են մի անկման երկարող հետագիծ: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան:

Իններորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքը 1951 թվականին տպագրվել է Ամերիկայում և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի վիպագիր, դրամատուրգ Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Տասներորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Մոտ 100 միլիոն տպաքանակով սպառված այս գիրքը համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառվածներից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի է դարձել ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

 

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 115 2 0

Աբբա Պրևո

«Մանոն Լեսկո»

Դարակ 90 3 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 63 4 +2

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 50 5 +3

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Դար 43 6 -2

Թոմ Հենքս

«...Այն, ինչ զգում է իմ սիրտը»

Բուկինիստ 36 7 *

Խալիլ Ջիբրան

«Մարգարեն»

Քյուրքչյան 34 8 *

Ալբեր Կամյու

«Անկումը»

Անտարես 31 9 *

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Քյուրքչյան 28 10 -3

Ագաթա Քրիստի

«Եվ ոչ ոք չմնաց...»

Էդիթ Պրինտ 27


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am