Հայաստանն ու Շվեդիան ընդլայնելու են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Armenpress 20:41, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված  աշխատանքը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին։

Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև նախանշվել են համագործակցության ուղիներ Շվեդիայիում գործող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության և իրավապաշտպան այլ կառույցների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am