Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ

Armenpress 18:10, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարյա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020):

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն իր մեկնաբանության մեջ պատգամավորի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը վկայում է մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հետեւողական հավատարմության մասին:

Սա վերջին 10 տարվա ընթացքում արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է: Վերջերս «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը (№ 2376, 05.11.2019):

2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am