Գիրք նվիրելու օրը տոն է. Լուսինե Բադալյանն ու Հրանտ Թոխատյանը խորհուրդ են տալիս, թե ինչ կարդալ

Armenpress 09:00, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրքը, որը մեր սրտակից ընկերն է, բարեկամը, աշխարհը ճանաչելու լավագույն միջոցներից մեկը, մշտապես անհրաժեշտ է վերարժևորել: Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: 

Տոնի,  գրքի և գրականության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի և ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ:

«Գիրք նվիրել եմ, նվիրում եմ և նվիրելու եմ միշտ, իսկ այս կամ այն գրականության ընտրությունը կապված է ժամանակաշրջանից և տարիքից: Փոքր ժամանակ ծնողներիս շնորհիվ շատ էի ընթերցում Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները` «Երեք հրացանակիրները» և այլն: Հետո եկավ մի տարիք, երբ ձգտում էի կարդալ գրքեր, որոնք չկային Խորհրդային Միությունում, իսկ այժմ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել գեղարվեստական գրականությանը և հիմնականում մասնագիտական գործեր եմ ընթերցում: Այնուամենայնիվ, կան գրողներ, որոնց գրքերը մշտապես իմ սեղանին են: Խոսքը Հրանտ Մաթևոսյանի, Դոստոևսկու, Չեխովի մասին է: Նրանց գործերը նույնպես ընտրում եմ ըստ տրամադրության: Մի օր կարդում եմ Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը, մեկ այլ  օր` «Ապուշը», երբեմն պատմվածքները: Հակոբ Պարոնյանի գործերն եմ սիրում, հեղինակի, որը մինչ օրս լիարժեք ուսումնասիրված չէ: Շատ կուզեի տիրապետել արևմտահայերենին և Պարոնյան խաղալ, որովհետև հրաշալի պիեսներ ունի»,-շեշտեց Թոխատյանը:

Նա տեղեկացրեց, որ Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, իր դստեր` Լիլիթ Թոխատյանի հետ հանդիպելու է տարբեր երեխաների. հյուրընկալվելու են «Զանգակ» գրատանը և հեքիաթ են պատմելու ներկա փոքրիկներին:

Լուսինե Բադալյանն էլ Գիրք նվիրելու տոնին ավելի քան դրական է վերաբերվում և մշտապես փորձում է աջակցել Գրքի տոնի հանրահռչակմանը, որովհետև կարդացող ժողովուրդը հաղթող ժողովուրդ է, և պետք է անել ամենը, որ ընթերցանությունն ու ընթերցասիրությունը յուրաքաչյուրի կյանքի կարևոր մասնիկը դառնան:

«Եթե հասարակության համար ընթերցանությունն ապրելակերպ, կենսակերպ դառնա, այդ ժամանակ քիչ բանի մասին կմտածեինք, որովհետև կարդացող մարդուն  մոլորեցնել պրակտիկորեն հնարավոր չէ»,-նշեց Բադալյանը:

Նա գրքեր նվիրում է`չսպասելով հատուկ տոների: «Երբ ընթերցում եմ որևէ գիրք, որն ինձ շատ է դուր գալիս, և կարծում եմ, որ այն համապատասխանում է իմ ծանոթներից, մտերիմներից, ընկերներից, բարեկամներից որևէ մեկին, անպայման նվիրում եմ, որպեսզի կարդա և իրեն գտնի գրքում:  Առաջին հերթին գրքեր եմ նվիրում երեխաներիս և հորդորում անպայման ընթերցել դրանք: Այս տարին  բացառություն չի լինի: Մենք հրաշալի հրատարակչություններ, գրախանութներ ունենք, որտեղ ամեն ստեղծագործություն հնարավոր է գտնել և տարբեր լեզուներով»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Խոսելով այն գրքից, որն իրեն տպավորել է` Բադալյանը խոստովանեց, որ, ավաղ, վերջին մեկ տարվա ընթացքում քիչ գրքեր է հասցրել կարդալ, բայց իրեն շատ է դուր եկել Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործությունը: «Այն կարդալուց հետո դժվարանում էի այլ գիրք ընթերցել: Պարզվում է`այն սկզբում ավելի կարճ է եղել, բայց ընթերցասերների խնդրանքով հեղինակը շարունակել է գրել: Ես ընդարձակ տարբերակն եմ ընթերցել: Հիմա կարդում եմ «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին» գիրքը, որը դեռ չեմ ավարտել»,-պատմեց նա:

Լուսինե Բադալյանը չմոռացավ խոսել նաև ժամանակակից հայ գրականության մասին` ընդգծելով, որ հատկապես երիտասարդները պետք է մեծ ուշադրություն դարձնեն այդ գրականությանը, որովհետև արտակարգ գրքեր կան, որոնք շատ հետաքրքիր են, մրցունակ: «Շատ կցանկանամ, որ յուրաքանչյուր հայ կարդա Հրանտ Մաթևոսյանի, Վարդգես Պետրոսյանի գործերը, իսկ տղաս բացահայտում է երիտասարդ գրողներին, և ամեն անգամ  ինչ-որ ստեղծագործություն ընթերցելուց հետո չափազանց ոգևորված պատմում է սյուժեն: Էական է նաև այն, որ գրախանութներում հրաշալի խորհրդատուներ են աշխատում: Ասես հոգեբաններ լինեն, նայում են այցելուին ու հասկանում, թե նրան ինչ է հարկավոր: Մի խոսքով` պետք է անպայման կարդալ մեր ժամանակակիցներին»,-եզրափակեց ՀՀ ԱԺ պատգամավորը:

Գիրք նվիրելու օրվա շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am