ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել

Armenpress 10:55, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-նշել է Սմբատյանը:

Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մտադրության մասին հայտնել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում Մելիքյանը ներկայացրել էր իրենց նախաձեռնող խմբի առաջին տասնյակը՝ Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում  է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am