Լաքոթը հայ քաղաքական գործիչների գրքերը հետաքրքիր է համարում միջազգային հանրության համար

Armenpress 21:30, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը հայ քաղաքական գործիչների գրքերը հետաքրքիր է համարում միջազգային հանրության համար։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին դեսպանն ասաց փետրվարի 17-ին «Զանգակ» գրատանը կազմակերպված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գրքերի քննարկման ընթացքում, որոնք հայերեն են թարգմանվել «Newmag» հրատարակչության կողմից։

«Ես կարծում եմ, որ հայ քաղաքական գործիչների գրքերը կարող են հաջողություն ունենալ նաև դրսում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018թ., լայն արձագանք ունեցավ։ Աշխարհում շատ երկրներ են պայքարում ժողովրդավարության համար և Հայաստանի դեպքը շատ գեղեցիկ օրինակ էր, թե ինչպես կարելի է հասնել դրան։ Կարծում եմ, եթե գրեն այդ հեղափոխության մասին, այդ գիրքը մեծ արձագանք կստանա Հայաստանից դուրս»,- ասաց Լաքոթը։

Գրքերի քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Փոխարտգործնախարարը նշեց, որ գրքերը դեռ չի կարդացել, սակայն աշխատանքի բերումով հետևել է դրանց առաջացրած արձագանքներին։ «Որպես աշխատող դիվանագետ տեղյակ եմ այն ալիքներին, որոնք ստեղծվել էին Ֆրանսիայում, Կանադայում և միջազգային ասպարեզում այս գրքերի հրապարակման արդյունքում։ Հատկանշական է նաև, որ այս միջոցառումը տեղի է ունենում նաև ֆրանկոֆոնիայի ավանդական շաբաթից որոշ ժամանակ առաջ, իսկ Հայաստանում ֆրանսախոսների թիվը գնալով ավելանում է»,- նշեց Հովհաննիսյանը։

Արման Եղոյանը նշեց, որ Էմանուել Մակրոնի գիրքը յուրահատուկ հրովարտակ է։ «Ես Մակրոնի գիրքը կանվանեի հրովարտակ, և կարող եմ ասել, որ հիմա Մակրոնը ձգտում է իրականացնել գրքում խոստացած ծրագրերը կամ անդրադառնում է այն հարցերին, որոնք մինչ նախագահ ընտրվելը համարել է խնդրահարույց»,- ասաց Եղոյանը։ Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարների գրքերը հայերեն են թարգմանվել 2018թ. Հայաստանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am