«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախյան շարժում եւ 2020 թվական

Armenpress 21:37, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մեր թշնամին միշտ զգացել է, որ արցախցին, սյունեցին, տավուշեցին, ուտեցին միասնական գործելով՝ երբեք պարտություն չեն տեսել: Աշխարհաքանդ արաբներն ու մոնղոլ-թաթարները, սելջուկ-թուրքերը, Շահ Աբասն ու Նադիրն էին հաշվի նստում արցախցու, սյունեցու հետ: 18-րդ դարի երկրորդ կեսը ճակատագրական եղավ հայոց համար, երբ մեր թշնամիներին հաջողվեց սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: Հաջողվեց նաեւ այն պատճառով, որ հանուն փառքի ու հարստության, իրենց կյանքի անվտանգության, երկրի կյանքում կարեւոր դեր ունեցող որոշ անհատները «ծախվեցին» ու հայրենի երկրի դարպասները բացեցին թշնամու առջեւ: Եվ թուրք ու թաթար, քուրդ ու պարսիկ, այլ քոչվորներ տեր դարձան Օմարի լեռներից մինչեւ Արաքս ընկած մեր երկրի՝ Թարթառ-Տրտուի, Հակարիի, Ողջիի, Որոտանի հովիտներին՝ մի հատվածի, որն էլ դարձավ անջրպետ Արցախի ու Մայր հայրենիքի միջեւ:

Արցախի խնդիրը, լինել-չլինելն առավել նկատելի դարձավ 20-րդ դարասկզբից: Ռուսական կայսրության մեջ բորբոքվող հեղափոխական կրակները հասան նաեւ Արցախ:1905-1906 թթ., դրանից հետո անընդհատ տեղի էին ունենում հայ-թաթարական բախումներ, որոնց ընթացքում առավել էին թուլանում Արցախը, Սյունիքը: Խորհրդային կարգերի հաստատումը դարձավ չարիք, ու Արցախը, Սյունիքի արեւելյան հատվածը բռնակցվեցին Ադրբեջան կոչվող նորաստեղծ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը: Այդ օրվանից սկսած, դրանից առաջ՝ արցախցին մշտապես պայքարել է իր ազատության, անկախ ապրելու համար: Այս պայքարն իր գագաթնակետին հասավ 1980-ական թթ.: Գորբաչյովյան «վերակառուցումը» տվեց իր արդյունքը:

1988 թ. փետրվարյան իրադարձությունները, սկզբում Արցախում, այնուհետեւ Երեւանում եւ մեր երկրով մեկ՝ հանուն Արցախի՝ Մայր հայրենիքին միավորման, ոտքի հանեցին հայ ժողովրդին: 32 տարի է անցել, երբ սկսվեց Արցախյան շարժումը, 26 տարի է անցել, որ Հայոց հաղթական բանակը կերտեց հաղթանակ, ու կայացավ հրադադար: Մայր հայրենիքին միացավ Արցախը, ազատագրեցինք մեր հայրենիքի մի հատված, որը դարձել էր պատնեշ մեր հայրենիքի 2 հատվածի միջեւ, ազատագրեցինք Արցախի այլ հատվածներ: Այսօր վերահայացել են Թարթառ-Տրտուի, Հակարիի, Որոտանի ու Ողջիի՝ թշնամու կողմից գերված տարածքները, Ակնան ու Հադրութի հարավ-արեւելյան հատվածները: Հայոց բանակն ապահովում է մեր երկրի անդորրը»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am