Երախտիքի երթ՝ դեպի Սիրիայի դեսպանատուն

Armenpress 15:17, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ իրականացրեց՝ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 16-ին կազմակերպված երթը նվիրված էր Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը։ «Միջոցառման նպատակն է՝ երախտիքի երթ կազմակերպել դեպի Սիրիայի դեսպանատուն՝ ուղղելով մեր շնորհակալությունն ու երախտիքը Սիրիայի ժողովրդին, խորհրդարանին, բոլոր այն պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք նպաստել են այս կարևոր ճանաչմանը։ Սա նաև ուղերձ է ուղղված և՛ արաբական աշխարհին, և՛ այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Քայլերթի մասնակիցներին դեսպանատանը դիմավորեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ «Ես հպարտ եմ, որ Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, դա պատմական ճշմարտության արձանագրումն է։ Հարյուր տարի առաջ Սիրիան իր դռները բացեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների առջև»,- ասաց դեսպանը։

Միջոցառման ընթացքում իրենց երախտիքի խոսքը հնչեցրին նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Մեսրոպյանը, Հայաստանում Սիրիայի ուսանողների անունից՝ Շուշան Հալաջյանը, Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ, դոկտոր Ջորջ Բարսեղյանը և այլք:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Սիրիայում ընթացող պատերազմում ընկած մարտիկների հիշատակը։ Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am