Զոհրաբ Մնացականյանն ու Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Armenpress 14:03, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։ 

Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը: Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը: 

Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Սրանչա Գոնսալես Լայան ընդգծեցին առկա ներուժի լիարժեք իրացումը առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով:

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am