Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ

Armenpress 13:52, 15 Փետրվար, 2020

ՄՅՈՒՆԽԵՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում  հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի  նախագահ Ստևո Պենդարովսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը  կարող է շատ հետաքրքիր վայր լինել ներդրողների համար, որոնք  ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Ստևո Պենդարովսկին նշել է  Հայաստանի հետ արդեն երեք տասնամյակ հաստատված դիվանագիտական հարաբերությունների փաստը և նկատել, որ այդ ընթացքում երկկողմ գործակցությունը տնտեսական ոլորտում չի հասել ցանկալի արդյունքների: Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը հավելել է, որ իրենց երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության խորացմամբ ու ընդլայմամբ և պատրաստ են հայ գործընկերների հետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Հյուսիային Մակեդոնիայի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում տեղի ունեցող ժողովդավարական բարեփոխումների ընթացքով: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, պայմանավորվել, որ առաջիկայում երկու կառավարություններն այդ ուղղությամբ կիրականացնեն համապատասխան քայլեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am