ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Armenpress 20:03, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-ին հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և մտքեր փոխանակել դրա առավել ամրապնդման հեռանկարների շուրջ:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատմամշակութային ավանդական ջերմ կապերով միահյուսված հայ-արաբական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվ քայլեր ձեռնարկել Արաբական պետությունների լիգայի երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է հայ համայնքի կարևոր կամրջող դերակատարությունը Հայաստանի և արաբական աշխարհի երկրների միջև։ 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակը և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, և ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am