Հայկական կողմից որևէ խախտում չի եղել.Ներսիսյանը՝ Ղազախստան տարված ավտոմեքենաների աղմուկի մասին

Armenpress 15:52, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը վստահ է՝ Հայաստանում գնված և Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների հարցում հայկական կողմից որևէ խախտում չի իրականացվել: Ղազախները հայկական պետհամարանիշներով այդ մեքենաներն իրենց երկրում վերավաճառելու համար ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան ու այն հանել հայկական հաշվառումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ներսիսյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Հայաստանին տրվել էր սոցիալական հարց լուծելու համար արտոնություն և այն ոչ մի կերպ պետք չէ օգտագործել բիզնես նպատակներով: Ղազախստանը դժգոհություն էր հայտնել, որ իրենց քաղաքացիները՝ նաև ՀՀ քաղաքացիների օգնությամբ, փորձել են օգտվել Հայաստանի արտոնությունից և ավտոմեքենաներն արտոնությամբ ներմուծել Ղազախստան: Ղազախստանը որոշ սահմանափակումներ կամ արդեն մտցրել է, կամ փորձում է մտցնել՝ այդ ավտոմեքենաների մուտքը Ղազախստան արգելելու համար:

«Հայաստանն այս պահին մեծ խնդիր չունի: Մենք, ոստիկանությունը Ղազախստանի կոլեգաների այցի ընթացքում ամբողջ տեղեկությունը տրամադրել ենք: Այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց Ներսիսյանը:

Ղազախներն այս ավտոմեքենաները տարել են Ղազախստան հայկական գրանցումով: Այնտեղ վերավաճառելու համար այդ ավտոմեքենաները Հայաստանի գրանցումից պետք է դուրս գան։ «Եթե ցանկանան դրանք վերավաճառել, պետք է վերադառնան Հայաստան, եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, ապա դա կատարելուց հետո միայն այդ ավտոմեքենաները այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան այնտեղ վերահաշվառել»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նա նկատեց՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում տեղաշարժը եվրասիական տնտեսական միության տարածքում ազատ է: Ներսիսյանի համոզմամբ՝ ղազախներին մեքենա վաճառած հայերը որևէ խախտում թույլ չեն տվել և որևէ խնդիր չպետք ունենան: Ըստ էության ՀՀ քաղաքացուց մեքենա է գնել արտասահմանցի, որը Հայաստանում գրանցում է ստացել, այսինքն՝ իրավունք ունի Հայաստանում ավտոմեքենա հաշվառելու:

Թե որքան ավտոմեքենա է Հայաստանից գնացել Ղազախստան, հստակ թվերով նշել հնարավոր չէ: Ներսիսյանը, սակայն, նշեց, որ ոստիկանության հետ խոսակցության ընթացում հասկացել են, որ մոտ 20 հազար ավտոմեքենա է գրանցված եղել ղազախի անունով:

Հայաստան 2019-ին ներմուծվել է 189 հազար ավտոմեքենա:

ԵԱՏՄ-ն Հայաստանին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը տվել էր մաքսատուրքերի արտոնություններ՝ այդ թվում նաև երկրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մասով:  Այս ընթացքում մեծ թվով ղազախստանցիներ Հայաստանում ձեռք են բերել գրանցում, գնել ավտոմեքենաներ, հաշվառել դրանք ու արտահանել Ղազախստան։ Սա, սակայն, Ղազախստանում պետության կողմից միանշանակ չի ընդունվել:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am