Սուրեն Պապիկյանը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները համարում է իր բարի համբավը մրոտելու փորձ

Armenpress 14:36, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր մասին վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները համարում է փորձ մրոտելու իր բարի համբավը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ նա նշեց, որ որոշ մարդիկ որոշել են զբաղվել իր անվան մրոտմամբ և դրանով Սահմանադրական փոփոխությունների՝ երկրի համար կարևոր, առանցքային օրակարգը դարձնել երկրորդական:

«Հայաստանի Հանրապետությունում պետք է սահմանադրականությունը լինի վերականգնված, իսկ սահմանադրականության վերականգնման միակ ուղին ժողովրդավարությունն է, հանրաքվեն: Իմ անվան շուրջ տարածվող խոսակցությունները փորձ են մրոտելու իմ անունն ու բարի համբավը, նսեմացնելու այն ծառայությունները, որ ես մատուցել եմ ժողովրդին ու հայրենիքին՝ դրանով մրոտելով նաև «Այո»-ի շտաբի գործունեությունը»,-ընդգծեց Պապիկյանը:

Նա, անդրադառնալով դատվածություն ունենալու մասին խոսակցություններին, նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ որևէ դատվածություն, եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում: «Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում: Այն ամենի մեջ, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-2006թթ. իմ ծառայության ընթացին: Ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, եղել եմ սահմանապահների գերազանցիկ, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ մի միջադեպում: Գրում են ինչ-որ ծակող-կտրող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, նաև որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել, ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը: Դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ»,- ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ իր կյանքի այդ փուլը փակված է համարում, իսկ իր անձնական կյանքի վերաբերյալ գաղտնի տեղեկությունը պահվում է ոստիկանության հատուկ բաժնում: «Այս տեղեկությունն անձնական գաղտնի ինֆորմացիա է ու ոստիկանության հատուկ բաժնում է պահպանվում։ Այսինքն` այս ինֆորմացիան կարող է հասու լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին և նաև տվյալ անձի համաձայնությամբ որևէ մեկին տրամադրելու պայմաններում: Ես ուզում եմ արձանագրել, որ իրավապահ տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով ու տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - նշեց նա։

Սուրեն Պապիկյանը դիմեց Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն՝ պարզելու, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկությունը դարձել իր անունը մրոտելու առիթ։ Նա նշեց, որ իր հայտարարությունը կարող է ընդունվել որպես հաղորդում հանցագործության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am