«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկնարկեն 2020-ի վերջին

Armenpress 13:47, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա վերջին և ավարտին կհասցվեն 2024-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Մեղրիի անցակետը միակն է, որ դեռևս չի արդիականացվել: Դրա արդիականացումն արդեն օրհասական է դարձել: Այս պահի դրությամբ փորձում ենք լավ սպասարկել, սակայն կետի թողունակությունը հնարավորություն չի տալիս մեր ցանկացած ձևով իրականացնել սպասարկումն ու վարչարարությունը։ Արդեն նախագծանախահաշվային աշխատանքները վերջացել են, և շինարարի մրցույթ պետք է հայտարարվի շուտով: Եվ 2020-ի վերջին արդեն պետք է մեկնարկեն «Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները»,-ասաց Ներսիսյանն ու նշեց՝ նախատեսված է ամբողջովին արդիականացված կետը շահագործման հանձնել 2024-ին:

2016-ից մինչև հիմա հարավային դարպասով սահմանահատումների թիվը 2 անգամ աճել է: Երրորդ երկրներից ցամաքային ճանապարհով ՀՀ ներմուծում իրականացնող բեռնատարների միջինը 18 տոկոս սահմանահատումն իրականացվում է «Մեղրի» մաքսակետով: Սեզոնայնությամբ պայմանավորված տարբեր ամիսներին այս թիվը աճում է  ընդհուպ մինչև 25 տոկոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am