Գերմանիան Հայաստանի համար խորհրդարանական կառավարման կարևոր ու հաջողված մոդել է. Փաշինյան

Armenpress 18:43, 13 Փետրվար, 2020

ԲԵՌԼԻՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան  Հայաստանի համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում:

«Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Գիտեք, որ 2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով: Lինելով արդյունավետ, ուժեղ, պետություն՝ Գերմանիայում հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները, որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց այլևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն: Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են և տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանում ընթացող զարգացումների մասին, մեր բարեփոխումների օրակարգի մասին»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Գերմանիա է ժամանել փետրվարի 13-ին: Նա կմասնակցի նաև Մյունխենում անցկացվող անվտանգության համաժողովին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am