Հայ երիտասարդները կմասնակցեն Սիլիկոնյան հովտում Իլոն Մասկի և Yahoo-ի ստեղծողների դասախոսություններին
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Դրեյփեր համալսարանի նախագահ Ասրա Նադիմի միջև ստորագրվեց հայ ուսանողներին պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձեռներեցության դասընթացների մասնակցելու մրցույթ է անցկացվել, ինչի արդյունքում Դրեյփեր համալսարանը Հայաստանից ընդհանուր առմամբ 15 հոգու պետք է ընտրի իրենց մոտ սովորելու համար:
«3 նմանատիպ մրցույթ է անցկացվելու, մեկն արդեն կայացել է և ընտրվել է 8 հոգի: Սկզբում որոշված էր 5 հաղթող, հետո Դրեյփեր համալսարանի ժյուրին ընտրեց ևս 3 հոգու, քանի որ նրանց գաղափարները շատ էին հավանել: Մրցույթում հաղթած անձինք հնարավորություն կունենան ձեռներեցության դպրոցում դասընթացներ անցնել, իրենց գաղափարները ներկայացնել Սիլիկոնյան հովտի վենչուրային ֆոնդերին և այլ ձեռներեցների: Իլոն Մասկը, Yahoo ընկերության հիմնադիրները և այլ կազմակերպությունների հիմնադիրներ այնտեղ դասախոսություններ կունենան, կներկայացնեն իրենց հաջողության բանաձևը»,- ասաց Արշակյանը:
Անդրադառնալով հաղթողների հայրենիք չվերադառնալու վերաբերյալ մտավախություններին՝ նախարարը վստահեցրեց, որ հայ ձեռներեցները խնդիր չունեն Հայաստանից այլ երկիր գնալու: Նրա խոսքով՝ այս պահին հակառակ գործընթաց կա, և այն անձինք, ովքեր հաջողություններ են գրանցել օտար երկրներում՝ վերադառնում են ու իրենց գործունեությունը ծավալում են հայրենիքում:
«Պայմաններում մի կետ կա, որ պետք է վերադառնան և իրենց սովորածը մարզերում դասավանդեն»,- ասաց Արշակյանը:
Պայմանագրի ստորագրումից հետո հավաստագրեր տրվեցին 8 հոգու, որոնցից էր Yolo նախագծի հեղինակ, 23 ամյա Հակոբ Թումանյանը: Նա մրցույթում ներկայացրել էր ավտոմատ վենդինգ մեքենաներ:
«Yolo-ն աշխարհի ապագայի վենդինգ մեքենան է, որը պատրաստելու և վաճառելու է ըմպելիքներ և այդ ամենն արվելու է բնական հումքից, բաժակները չեն լինելու պլաստիկից և թղթից մեկանգամյա օգտագործման: Դրանք լինելու են թերմոս բաժակներ, որոնց վրա հարկավոր կլինի կպցնել QR կոդերը, տեղադրել մեքենայի մեջ և ձեզ կտրամադրի ցանկացած ըմպելիք՝ սուրճ, թեյ, հյութեր: Հաջորդ անգամ վենդինգ մեքենայի մեջ դնելիս, այն կլվանա թերմոսը: Ստեղծված է հատուկ ծրագիր, ինչի միջոցով կերևա, թե որքան պլաստիկ խնայվեց և որքան ծառ չվնասվեց»,- ասաց Հակոբը և հավելեց, որ պիլոտային շուկան իրենց համար Հայաստանն է:
Հաղթողների դասընթացները տևելու են մարտի 15-ից ապրիլի 18-ը: Սիլիկոնյան Հովտում սովորելու համար հաղթողներին դրամաշնորհ է տրամադրել ՀՀ կառավարությունը: Դասընթացներից զատ՝ ևս 2 շաբաթ, համաձայն նոր կնքված պայմանագրի, մասնակիցները հնարավորություն կունենան մնալ Դրեյփերի համալսարանում: Այնտեղ նրանք կկարողանան շփվել և ներդրումներ գտնել իրենց նախագծերի համար: