Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ-ի նոր համալիրի նախագիծը

Armenpress 21:47, 12 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Եվրամիության և ԹՈՒՄՈ-ի համատեղ նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այսօր քաղաքապետարանում քաղաքապետ Հայկ Մարությանը և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի և Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը։

Իր գործունեության 27 տարիների ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է շուրջ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում»,- գրել է Կարապետյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am