1000х90.jpg (78 KB)

«Տավուշն աշխարհի աչքերով». Երևանում բացվեց միջազգային նկարչական սիմպոզիում

Armenpress 21:03, 12 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տասնյոթ երկրից Հայաստան ժամանած նկարիչները տասը օր ապրել են Տավուշի մարզում, շրջել մեր երկրում, ծանոթացել հայ մշակույթին: Արդյունքում ստեղծել են կտավներ` պատկերելով իրենց տպավորություններն ու հույզերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 12-ին Երևանի պատմության թանգարանում:

«Շատ եմ կարևորում մայրաքաղաքի և մարզերի համագործակցությունը, որի փայլուն օրինակն այս ցուցահանդեսն է: Նախորդ տարի բավականին հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեցինք Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում: Շարունակելու ենք այդ ավանդույթը: Տավուշի մարզպետի հետ նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Տավուշում Երևանի օրեր անցկացնելու վերաբերյալ: Ուշադրություն ենք դարձնելու հատկապես սահմանամերձ գյուղերին, ինչն ինձ համար շատ կարևոր է»,-նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ շեշտեց, որ հաղթելու և երազանքներն իրականացնելու լավագույն ճանապարհը մշակույթն է: «Մենք երջանիկ ենք, որովհետև տաղանդավոր ազգ ենք, եթե այլ բնագավառներում դժվարությամբ ենք հաղթում, ապա մշակույթի ոլորտում հեշտությամբ ենք հաջողության հասնում, որովհետև մեր շնորհալի հայրենակիցները սփռված են ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Նկարիչ Ավետիս Խաչատրյանը, որը երկու աշխատանք էր ներկայացրել ցուցահանդեսում, նշեց, որ սիմպոզիումներին մասնակցելը կարևոր է, քանի որ ստեղծագործում ես նաև օտարազգի նկարիչների հետ, ծանոթանում նրանց մտածողությանը, մոտեցումներին, աշխատելաոճին: «Ասես տարբեր հեքիաթների առնչվես: Իմ կտավները նույնպես հեքիաթների մասին են: Նկարել եմ սեր, որովհետև և՛ ես, և՛ աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ սիրո կարիք ունի: Չէ՞ որ սերը կփրկի աշխարհը»,-ընդգծեց արվեստագետը:

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Սարա Վաթթերսոնը պատմելով մեր երկիր ուղևորության մասին՝ ասաց, որ Տավուշում ասես հրաշալի աշուն լիներ, ավաղ, եղանակը ցրտեց, բայց դա չխանգարեց, որ այցելեն Իջևան, ծանոթանան տեղի ուսանողների հետ, գինի վայելեն, մեղր համտեսեն:

Անդրադառնալով կտավներին՝ նկարչուհին պատմեց, որ ստեղծագործում է աբստրակտ ոճում: «Տավուշն իսկապես ոգեշնչող էր: Հրաշալի գույներ են, հրաշալի մարդիկ: Մտերմացանք սիմպոզիումի մասնակիցների հետ, ընկերներ դարձանք, որովհետև բոլորը մարդամոտ են: Նշեմ, որ շատ հետաքրքիր էր միմյանց գործերն ուսումնասիրելը, աշխատելաոճին, տեխնիկային ծանոթանալը: Մենք կարծես օգտագործում էինք նույն նյութերը, բայց տարբեր արդյունք ստանում»,-պատմեց Վաթթերսոնն ու հավելեց, որ ցուցահանդեսում հատկապես հավանում է մոլդովացի նկարիչ Յուրի Յազանի կտավները:

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն արտերկրից ժամանած 23 նկարչի, այլև Հայաստանը ներկայացնող յոթ հեղինակի աշխատանքներ: Բոլոր կտավները ստեղծվել են Հաղարծինում ապրելու և ստեղծագործելու արդյունքում։  

Նախաձեռնությունն իրականացրել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը (տնօրեն` Արմինե Թումանյան)՝ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի հետ համատեղ։ Միջոցառումը մայրաքաղաքի և մարզերի համագործակցության օրինակ է, քանի որ ցուցահանդեսում ներկայացված նաև թանգարանում պահպանվող հայտնի գեղանկարիչների գործեր։

 Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 4-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am