1000х90.jpg (78 KB)

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքն առաջին տեղում է. փաստավավերագրական. դեկտեմբեր, 19

Armenpress 09:32, 7 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկի տվյալներն՝ ըստ դեկտեմբերի վաճառքների:

Առաջին հորիզոնականում  Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը երկրորդ տեղում է: 2009 թվականին Ֆրանսիայում լույս տեսած այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է իր ստացած կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի եւ, իհարկե, սիրո մասին։

Շառլ Ազնավուրի մեկ այլ՝ «Կյանքից կառչած» գիրքը երրորդ հորիզոնականում է: Այն թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է. «Թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ»: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առաջ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի արդարացիր» գիրքը չորրորդ տեղում է: Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական ես-ը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։

Հինգերորդ տեղում է նույն հեղինակի՝ Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:

Վեցերորդ հորիզոնականում Ջոն Ռոքֆելլերի «Ինչպես դարձա միլիարդատեր» ինքնակենսագրական գիրքն է: Այստեղ նա առաջին անգամ հանդես է գալիս որպես վերհուշ-հոդվածաշարի հեղինակ: Պատմությունները գրված են Ռոքֆելլերի կոշտ, բայց զգուշավոր ոճով և լույս են սփռում նրա կենսագրության գործնական, ինչպես նաև ազատ ժամանակի փոքրիկ դրվագների վրա:

Յոթերորդ տեղում է Ուինսթոն Չերչիլի «Ինքնակենսագրություն»-ը: Միացյալ Թագավորության վարչապետ, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Չերչիլն այս գրքում ներկայացնում է իր անցած ուղին ու անդրադառնում իր կյանքի ու գործունեության կարևոր դրվագներին:

Ութերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ գործնական խորհուրդներ են, որպեսզի ընթերցողներն ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան և հաջողության հասնեն իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարար, մասնագետ, ուսանող: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք՝ սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Իններորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի միլիոնավոր ընթերցողների ցույց է տալիս ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի՝ զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Տասներորդ հորիզոնականում է Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը»: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատեր Քըրք Քըրքորյանի՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը՝ դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: 

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0 Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» Բուկինիստ 675 2 նոր Շառլ Ազնավուր «Մեղմ շշուկով» Newmag 259 3 +1 Շառլ Ազնավուր «Կյանքից կառչած» Newmag 213 4 -2 Ռեյչլ Հոլիս «Աղջիկ ջան, մի արդարացիր» Newmag 198 5 -2

Ռեյչլ Հոլիս

«Աղջիկ ջան, ուշքի արի»

Newmag 183 6 -1

Ջոն Ռոքֆելլեր

«Ինչպես դարձա միլիարդատեր»

Վերնատուն 113 7 +2 Ուինսթոն Չերչիլ «Ինքնակենսագրություն» Գրատուն 108 8 0

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 96 9 -2

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 90 10 -4 Ուիլյամ Չ. Ռեմփել«Խաղացողը» Էդիթ Պրինտ 84


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am