1000х90.jpg (78 KB)

Հայաստանն ակնկալում է ԱՀԿ-ից ստանալ կորոնավիրուսի ևս 200 ախտորոշիչ թեստ

Armenpress 18:40, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը նշել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված առկա իրավիճակը, այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք արդեն ձեռնարկվել են, անդրադառնալ այն խնդիրներին, որոնց առերեսվում են Չինաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև քննարկել հետագա քայլերի անհրաժեշտությանը:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները, ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա աջակցելու ուղղությամբ Չինաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև բնակչության իրազեկման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա նաև նշել է, որ շուտով ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ ևս 200 ախտորոշիչ թեստ:

Հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների դժվարություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am