Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը վերանայում է իր քաղաքականությունը

Armenpress 14:41, 2 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային  համալսարանը (ՃՇՀԱՀ)  աշխատակիցների դերի բարձրացումը, աշխատանքներում նրանց ներգրավվածության ընդլայնումը, ինչպես նաև գիտական ներուժի զարգացումը և աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցերը Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային  համալսարանը վերանայում է իր քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

«ՃՇՀԱՀ-ում կայացավ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ հիմնական զեկուցողներն էին Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը:

Նիստին ներկայացվեց և քննարկվեց,  2019թ-ի բյուջեի կատարողականի և 2020թ-ի բյուջեի պլանավորման, գիտահետահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացման ու գիտական ծրագրերում համալսարանականների՝ առավելագույն թվով ներգրավվածության բարեփոխված ծրագրերը ինչպես նաև համալսարանի կառուցվածքի և հաստիքացուցակի փոփոխությունները՝ առաջարկվեց կրճատել Ֆինանսատնտեսական և տեղեկատվական գծով պրոռեկտորի հաստիքը, համալսարանական ամբիոնները համապատասխանաբար բաշխել ֆակուլտետների միջև, ավելացնել գիտական քաղաքականության վարչություն, ինչպես նաև լեզուների կենտրոն, որը կզբաղվի դասախոսների և ուսանողների վերապատրաստումներով, գիտական հոդվածների և կայքի նորությունների թարգմանություններով: Այս համատեքստում առաջարկվեց որոշակի բաժիններ լուծարել և միավորել վարչությունների մեջ:

Հաստատված կառուցվածքային փոփոխությունները վերջին երկու ամսում  քննարկվել են համալսարանի բոլոր ստորաբաժանումներում՝ ներկայացրել  են առաջարկներ,  որոնց հիման վրա կազմվել է կառուցվածքային փոփոխությունների օպտիմալացման նոր ծրագիր։

Համալսարանում դեկանատների և ամբիոնների դերը բարձրացնելու նպատակով՝ որոշում կայացվեց բոլոր դեկանատներին բյուջեով 8 միլիոն դրամ հատկացնել՝ ընթացիկ գիտաժողովներ, միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու համար, իսկ գիտական կյանքի ակտիվացման նպատակով սահմանել ներհամալսարանական գիտական դրամաշնորհներ: Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ այսուհետև խիստ կարևորվելու է ուսանողների և համալսարանի բոլոր թողարկող ամբիոնների ներգրավվածությունը գիտական ծրագրերում՝ առավելագույնս օգտագործելով սեփական գիտական ներուժը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից հավանության արժանացան և հաստատվեցին ներկայացված ծրագրերը: Խորհրդի անդամները նկատեցին, որ բարեփոխումների փաթեթը ուղղված է ուսման որակը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն և համալսարանի գործունեությունն առավել թափանցիկ ու նպատակային դարձնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am