1000х90.jpg (78 KB)

Կառավարությունում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Armenpress 17:24, 1 Փետրվար, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ հանրային կառավարման բարեփոխումները շատ կարևոր նշանակություն ունեն: «Մեր նպատակադրումն այն է, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետական կառավարման համակարգի հետ հարաբերություններում հնարավորինս քիչ դիսկոմֆորտներ ունենա: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք հանրային կառավարման համակարգն առավել գրավիչ դարձնել բարձրորակ կադրերի համար, ովքեր բոլոր առումներով կարող են ի կատար ածել այս խնդիրը: Մյուս կողմից՝ մենք այս բարեփոխումների արդյունքում խնդիր ենք դնում այնպես անել, որ հանրային կառավարման վրա հանրության կողմից ծախսվող գումարը լինի առավելագույնս արդյունավետ, որպեսզի այդ գումարները ծառայեն իրենց նպատակին: Իսկ նպատակը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց, բիզնեսի կյանքն ավելի որակյալ, մառուցվող ծառայություններն ավելի որակյալ և պետական կառավարման համակարգն ավելի քաղաքացիակենտրոն դարձնելն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քննարկումը ծավալվել է Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակի և հիմնական ուղղությունների շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, հանրային կառավարման համակարգում քաղաքականությունների մշակմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, պետական ծառայությունների մատուցմանը, հաշվետվողականությանը, ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում վարչապետը կարևորել է գնահատման հստակ չափորոշիչների սահմանումը և հանձնարարել շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am