1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայոց բանակը երրորդ հանրապետության ամենակայացած ինստիտուտն է

Armenpress 21:53, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց պատմության անքակտելի մասն է կազմում մեր ռազմական պատմությունը։ Հայկական զինված ուժերի հաղթանակի առաջին վկայությունն է Բաբելոնի տիրակալ Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակը, որը պատմահայր Մովսես Խորենացին համարում է մեր պետականության սկիզբը։ Հայկական բանակն իր մարտունակությամբ, իսկ հայ զինվորն իր քաջությամբ հռչակված են եղել Հին աշխարհում։ Անգամ պետականության բացակայության պայմաններում հայ զինվորականությունը պահպանել է իր դերն ու փառքը, իսկ հետագայում մեծապես նպաստել է հայոց պետականության վերականգնմանը՝ սկսած Բագրատունիներից մինչեւ 18-19-րդ դարերի ազգային ազատագրական պայքարի ժամանակաշրջան, Հայաստանի առաջին հանրապետության շրջանից մինչեւ մեր օրերը:

Հայոց ռազմագիտական մտքի պատմության, բանակաշինության ներկա մարտահրավերների եւ զարգացման տեսլականի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է  ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ։ «Հայերը մի քանի հազարամյակ անընդմեջ ունեցել են հզոր զինված ուժեր․ այդ ահռելի փորձը չէր կարող հենց այնպես անհետանալ նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ անկախ պետությունը դադարել է գոյություն ունենալ»,- ասաց պատմաբանը: Ուշագրավ է այն փաստը, որ բյուզանդական, ինչպես նաեւ պարսկական բանակի շատ հրամանատարներ, այդ թվում՝ գլխավոր հրամանատարներ, հայեր են եղել։ «Նրանցից շատերը ծնվել, մեծացել էին Հայաստանում, որտեղ ստացել էին իրենց ռազմական կրթությունը, հետագայում արդեն ծառայել բյուզանդական եւ պարսկական բանակներում։ Այս ամենը ցույց է տալիս, որ հայկական ռազմարվեստը չափազանց զարգացած էր, ինչը չէր կարող աննկատ մնալ այն ժամանակվա հզոր տերությունների համար»,- հավելեց նա:

Արմեն Այվազյանի համոզմամբ, հայկական բանակը նաեւ Երրորդ հանրապետության ամենակայացած ինստիտուտն է։ Չնայած դրան անհրաժեշտ է մտածել այն խնդիրների եւ մարտահրավերների մասին, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի թռիչքային զարգացման շնորհիվ իրացնել հայկական բանակի ահռելի ներուժը։ Ռազմավարական նշանակության խնդիրներից նա առանձնացրեց երկուսը, որոնք դեռեւս վերջնական լուծում չեն ստացել բանակաշինության նախորդ շրջանում։ Առաջինը՝ արցախյան հակամարտության եւ նրա տարածքային բաղադրիչի վերաբերյալ պետության որդեգրած ռազմավարությունն է։ Մյուս կարեւոր խնդիրը Հայոց բանակի «հայաֆիկացմանն» ուղղված հետագա միջոցառումներն են։ Հայկական զինուժն արդեն իսկ լուրջ ճանապարհ է անցել այս ուղղությամբ։ Պատմաբանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ հայոց լեզուն վերջնականապես գերիշխող է զինված ուժերում, ինչպես նաեւ զինվորական կրթության եւ ռազմագիտության մեջ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am