Կոնջորյանը քաղաքական հետապնդում չի համարում «Վետօ»-ի և «Ադեկվադ»-ի անդամներին բերման ենթարկելը

Armenpress 11:57, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը քաղաքական հետապնդում չի համարում «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոնջորյանն ասաց հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում:

«Քաղաքական հետապնդում կարող է լինել քաղաքական գործիչների նկատմամբ: Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, գործում է լիովին ժողովրդավարական համակարգ: Այն անձինք, որոնք երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն: Ես կարծում եմ, որ զուր են ջանքերը երևույթների վրա քաղաքական շղարշ քաշելու, որոնք ամենևին քաղաքական չեն: Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չկա քաղաքական հետապնդում»,- ասաց Կոնջորյանը:

Հունվարի 29-ին «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ոստիկանություն էին բերման ենթարկվել ապօրինի զենք, զինամթերք պահելու և թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am