«Հյուսիս-հարավ»-ի Տրանշ-3-ում իրականացվում են փոսալցման աշխատանքներ

Armenpress 11:20, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում‚ կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսալցման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունը բարելավելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչև ձմեռային սեզոնի ավարտը կապալառուն ճանապարհահատվածի ինտենսիվ սպասարկում է կատարում՝ ճանապարհը մաքրում է աղբից‚ տեղումների դեպքում իրականացնում է ձնից մաքրման‚ աղով‚ ավազով մշակման աշխատանքներ‚ կատարում փոսալցում։

Տրանշ-3-ում կապալառուն օրերս 18 կետերում տեղադրել է նաև ճանապարհային անհարթությունների մասին զգուշացնող‚ ինչպես նաև՝ 22 հատ հետիոտնային անցման նշաններ։

Այն ճանապարհահատվածներում‚ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ‚ նշանները տեղադրվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի՝ համաձայնեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am