Սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհ լինել.ԱԽ քարտուղարը ՍԴ-ի իրավիճակի մասին

Armenpress 11:06, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար գործադիրն ու օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը կարծիք հայտնեց՝ սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհը լինել:

«Լուծման մասին երեկ վարչապետն ընդհանուր առմամբ խոսել է, և կարծում եմ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ճգնաժամին լուծում տան»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանություններն ի՞նչ են ձեռնարկելու այդ ուղղությամբ՝ նա նշեց՝ իրավիճակին լուծու տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներն ընթանում են: Գրիգորյանը նկատեց՝ քայլեր արդեն եղել են, հիշեցրեց վերջերս ընդունված նախաձեռնությունը, որով հնարավորություն է տրվում Սահմանադրական դատարանի դատավորներին իրենց ցանկության դեպքում վաղ կենսաթոշակի ուղարկել:  Գրիգորյանը նշեց նաև ԱԺ-ի կողմից ձեռնարկած քայլերի մասին: «Բոլորը նպատակ ունեին հենց ճգնաժամը լուծել: Բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել»,-ասաց Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Այս հայտարարությունը, սակայն, հերքել էր Թովմասյանը: Հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետը նշել  է, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am