ՀՀ 5 քաղաքում և Արցախում համերգային ծրագրերով կնշեն ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակը

Armenpress 09:02, 28 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետության հինգ քաղաքում՝ Վանաձորում, Սիսիանում, Գորիսում, Արարատում, Վարդենիսում, նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվելու են ՀՀ ԶՈւ կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառումներ: 
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Գագիկ Քթրյանը:
«Միջոցառումներն անցկացվելու են հանրապետության 5 քաղաքում, որտեղ սկզբում հուշակոթողների մոտ կլինի ծաղկեպսակի զետեղման արարողություն, ինչից հետո ժամը 15:00-ից կսկսվեն համերգային ծրագրեր: Ելույթ կունենան հայտնի երգիչներ և երգչուհիներ»,- նշեց Քթրյանը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր կայցելեն նաև  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունները՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: 
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Լիլիթ Դեմուրյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am