Անառիկ ու ամուր սահմանների և խաղաղության երաշխավոր. ՀՀ զինված ուժերը 28 տարեկան են
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:
ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:
Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։ 2017թ. Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերը: Հայկական Զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար: Հայաստանի Հանրապետությունը, 1992թ. մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։
Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հայկական զինված ուժերի համագործակցությունը նույնպես տարեցտարի խորանում է և ընդլայնում համագործակցության ոլորտները: Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է: Այդ նպատակով ստեղծվեցին ռազմաավիացիոն, թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց Ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն` Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Շարունակվել է նաև սպայական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում և Հունաստանի Հանրապետությունում ուսումնառել և այսօր շարունակում են իրենց ուսումը ավելի քան 1500 սպա և կուրսանտ: Հաշվի առնելով, որ Զինված ուժերի սպաների մի զգալի մասը կազմում էին ինքնապաշտպանական կամավորական ջոկատների մարտիկները, նրանց որակավորման և վերապատրաստման նպատակով ստեղծվեց սպաների որակավորման բարձրացման կենտրոնը, որն իր գործունեության ընթացքում, տվել է շուրջ 1500 սպա-շրջանավարտ: Ավելի քան 1000 շրջանավարտ է տվել Ենթասպաների դպրոցը:Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարևորագույն դերակատարում ունեն հայ խաղաղապահները:
Նաև նրանց շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինվորի տեսակը: Մի շարք երկրներում խաղաղապահ առաքելությանը միանալով` Հայաստանն ապացուցեց, որ համաշխարհային անվտանգության պահպանման և երկարատև խաղաղության կողմնակիցն է: Սա գաղափարախոսություն է, որի կրողը չի կարող լինել ագրեսոր: Եվ այսպես, 2004 թվականից սկսած հայ խաղաղապահներն իրենց առաքելությունը փայլուն կերպով իրականացրել են հետևյալ պետություններում:Կոսովո2004թ․ Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայի սահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։
Իրաք
2005թ․ հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ․ հոկտեմբերին։
Աֆղանստան
Սկսած 2010թ․ փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր - ISAF) Հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցրել Գերմանիայում։ 2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացրել Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանել են Մազարի Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։ Ներկայում հայ խաղաղապահներ կան Կունդուզում և Մազարի Շարիֆում:
Լիբանան
2014 թվականի նոյեմբերի 26-ից հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաև Լիբանանում: Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնում ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:
Մալի
Եվս մեկ հայ զինծառայող 2015թ. խաղաղապահ դիտորդական առաքելություն է իրականացրել Մալիում:
Հայկական բանակը նաև տարածաշրջանում անվտանգության պահպանման երաշխավորն է: Հենց սահմանին կանգնած զինվորի քաջությամբ է, որ լարված իրավիճակը երբեք պայթյունավտանգ չի դառնում ու սահմանապահ հայորդին կարողանում է թշնամուն պարտադրել խաղաղություն, ինչպես դրա ականատեսը եղան բոլորը 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողություններին վերջ տրվեց հայ զինվորի ու հրամանատարի սխրանքի շնորհիվ: Պարտադրված խաղաղություն. սա հայտարարություն է, որ վերջին շրջանում՝ հրադադարի խախտումների հաճախակիացման պարագայում սկսեց կիրառվել ավելի հաճախ: Կողմնակից լինելով երկխոսության խնդիրները հարթելու տարբերակին` հայկական զինված ուժերը նաև հայտարարում են. եթե քաղաքական ճանապարհով հնարավոր չլինի պարտադրել խաղաղություն, հայկական զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի: