ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Armenpress 18:24, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 27-ին բացվել է «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով լուսանկարների ցուցադրություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված է 1919-1920 թվականներին Միացյալ նահանգների ցուցաբերած մարդասիրական աջակցությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունել և ցուցահանդեսի բացման առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է այս նախաձեռնության կարևորությունը, շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ ցուցաբերած օժանդակության և հաստատած բարեկամական հարաբերությունների համար. «Շատերի համար ԱՄՆ ցուցաբերած օգնությունն այդ տարիներին ճակատագրական եղավ։ Հատկապես ուսանելու համար նոր հնարավորություններ ստեղծվեցին, ինչի շնորհիվ մեր հայրենակիցներից շատերն այդ դժվարին ժամանակահատվածում կարողացան կրթություն ստանալ և տպավորիչ ձեռքբերումների հասնել»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Լին Թրեյսին շնորհավորել է ներկաներին Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, խոսել վերջին 100 տարիներին կատարված աշխատանքի և դրա կարևորության մասին, ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն աջակցություն ստացող երկիր է, այլև աջակցող՝ մասնավորապես մասնակցելով աշխարհի խաղաղության ապահովման գործին, խաղաղապահ առաքելություն իրականացնելով մի շարք երկրներում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am