Կալիֆոռնիայում հայտնաբերվել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվելու երրորդ դեպքը

Armenpress 16:48, 26 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք, հայտնել է  Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի առողջապահության գործակալությունը:

«Օրինջ շրջանի առողջապահության գործակալության վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բաժինը ԱՄՆ Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնից (CDC) հաստատում է ստացել այն մասին, որ Օրինջ շրջանում, Կալիֆոռնիա նահանգ, գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք»,- ասվում է գործակալության մամուլի հաղոդագրությունում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, գործակալության տվյալներով, վարակվածն ԱՄՆ է եկել Չինաստանի Ուհան քաղաքից, տեղավորվել է տեղի հիվանդանոց և մեկուսացվել։

ԱՄՆ Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնն ավել վաղ հայտնել է Միացյալ Նահանգներում վարակի երկու դեպքի մասին։

Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին տեղեկացրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն Ուհան քաղաքում թոքաբորբի անհայտ տեսակի բռնկման մասին։ Մասնագետները հաստատել են, որ վարակի հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։

Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում. Ֆրանսիայում, Ավստրալիայում և Մալայզիայում։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ միայն Չինաստանում հայտնի է 1975 վարակվածների մասին, որոնցից 56-ը մահացել է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am