Փաշինյանը վստահեցնում է՝ ծանոթներին իբր աշխատող գրանցելու դեպքերի բացահայտումները կշարունակվեն

Armenpress 13:43, 25 Հունվար, 2020

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին 2 տարում հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Վերջին 2 տարվա ընթացքում պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 254 քրեական գործ, որից 129-ը վերաբերել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներին: Հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած անձինք, նրանցից 222-ը հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ»,-ասաց Փաշինյանը նկատեց՝ սրանք այն դեպքերն են, երբ որոշ համայնքի ղեկավարներ, որոշ դպրոցների տնօրեններ իրենց հարևաններին, մոտիկներին, բարեկամներին գրանցում են բյուջետային հիմնարկներում և նրանց աշխատավարձ են վճարում չկատարած աշխատանքի դիմաց: «Այս ուղղությամբ բացահայտումները շարունակվելու են»,-վստահեցրեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am