Վայոց ձորում ավարտվել է խաղողի գինեմետ սորտերի նոր այգետնկումների համար հողերի մոնիթորինգի ծրագիրը

Armenpress 18:26, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղողի բարձրաժեք գինեմետ սորտերի այգետարածքներն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 2019 թվականի  ընթացքում Վայոց Ձորի մարզում իրականացրել է հողերի մոնիթորինգի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփվել են օրերս։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփիչ միջոցառմանը ներկա է եղել  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

Ծրագրի իրականացման ընթացքում թիրախավորվել և ուսումնասիրվել է ավելի քան 7000 հա հողատարածք։ Դաշտային այցելությունների և հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների միջոցով վերհանվել և քարտեզագրվել են խաղողի բարձրարժեք գինեմետ սորտերի տնկման համար պիտանի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողակտորները:

Մշակվել են վերհանված տարածքների քարտեզները և անձնագրերը, որոնց աշխարհագրական և տառաթվային առավել կարևոր բնութագրիչները կամփոփվեն համապատասխան տվյալների բազայում։

Այս ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին իրականացնելու առավել արդյունավետ ներդրումային քաղաքականություն և խթանել նոր այգետնկումները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am