1000х90.jpg (78 KB)

Արարատի մարզպետը ֆերմերների հետ քննարկել է սպանդանոցների տեղաբաշխումը

Armenpress 18:24, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանում հունվարի 24-ին հրավիրվել  է քննարկում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատի մարզպետարանից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մասնաճյուղի պետ Արմեն Համբարձումյանը:

«Ինչպես հայտնի է՝ Կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները:

Մարզպետը ներկայացրել է, որ Կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կօգնի սպանդանոցներ կառուցել ցանկացողներին հողի նպատակային նշանակության փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում:

«Քարտեզագրվելու է մարզը՝ հասկանալու համար, թե ցանկացողները ո՞ր մասում կարող են կառուցել սպանդանոցները: Չի պարտադրվելու, պարզապես ուղղորդվելու է, թե որ մասն է ավելի նպատակահարմար: Այնպես անենք, որ բաշխումը ճիշտ լինի»,- նշել է Գարիկ Սարգսյանը:

Քննարկմանը ֆերմերները ներկայացրել են իրենց բողոքներն ու առաջարկները, որոնք էլ մարզպետի կողմից կներկայացվեն Կառավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am