1000х90.jpg (78 KB)

Կենտրոնական զինվորական հոսպիտալն աննախադեպ վերանորոգման փուլում է

Armenpress 17:38, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռազմական բժշկությունը բարձր մակարդակի վրա է և պատրաստ կատարելու իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր: Բանակի օրվան ընդառաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը նշեց, որ բժշկական վարչությունը ստեղծվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին Պաշտպանության նախարարի հրամանով: Արցախյան պատերազմի ընթացքում շատ ծանր մարտեր էին ընթանում, այդ ժամանակ վիրավոր, տուժած ազատամարտիկները բավական դժվարին պայմաններում էին ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Բժիշկների անձնուրաց աշխատանքի շնորհիվ փրկվեցին բազմաթիվ կյանքեր:

«Դժվարին պայմաններով ձևավորված ռազմական բժշկության ինստիտուտը զարգացման լուրջ ճանապարհ անցավ և այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ լուրջ ձեռքբերումներ ունենք: Ներկայում Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն ունի տասնյակից ավելի հաստատություններ: Մենք ունենք 1000-ից ավելի բժշկական անձնակազմ: Անհրաժեշտ բոլոր օղակները համալրված են մասնագետներով»,-ասաց Սահակ Օհանյանը:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանը սկզբում իր մասնագիտական գործունեությունը ծավալել է քաղաքացիական բուժհաստատություններում, սակայն պատերազմի ժամանակ, ինչպես բազմաթիվ մասնագետներ, այդ թվում ինքը, իր հմտությունները գործի դրեց վիրավորներին փրկելու, բուժելու գործում:  

«Պատերազմի ժամանակ բոլորը նվիրյալներ էին, դիմում էին Պաշտպանության նախարարությանը և գործուղվում էին հիվանդանոցներ: Ես նույնպես ներգրավվեցի այդ աշխատանքներում: Դաշտային ծանր պայմաններում վիրահատելուց անցել է երկար ճանապարհ և այսօր ունենք բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ  հոսպիտալ: Այսօր մենք ունենք մեծ հնարավորություններ, օրեցօր թարմացվում են մեր տեխնիկական միջոցները»,-ասաց Վահան Գևորգյանը: Կենտրոնական հոսպիտալը ներկայում գտնվում է աննախադեպ վերանորոգման փուլում, շուտով կունենանք բոլորովին նոր բուժհաստատություն:

Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանը նշեց, որ բժշկագիտությունը կանգ չի առնում, Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը, լինելով կարևոր կլինիկական օղակ բժշկագիտության մեջ, այն նաև լուրջ կադրային դարբնոց է:

«Հոսպիտալի կլինիկական ամբիոնում մեր բժիշկները ստանում են համապատասխան վերապատրաստումներ: Այս հարթությունում շատ ակտիվ է միջազգային համագործակցությունը: Մեր մասնագետները վերապատրաստվում են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաբժշկական հաստատություններում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության»,-ասաց Արմեն Նազարյանը:

Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը նկատեց, որ իրենք մեծ սիրով ու նվիրումով են աշխատում, իրենց համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը:

«Ամեն օր էլ անհրաժեշտ է լինում մասնագիտական կարողությունները գործի դնել, երբեմն ստիպված ես լինում միայնակ որոշումներ ընդունել, առանց որևէ մեկի օգնությամբ շտապ միջամտություն կատարել: Առաջին հարվածը վերցնում ենք մեզ վրա, կայունացնում ենք վիճակը և հասցնում վերականգնման հաջորդ փուլ»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ մեր ռազմական բժիշկներն անհրաժեշտության դեպքում իրենց աշխատանքը ծավալում են Հայաստանի սահմաններից դուրս: 2019 թվականին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի երկրորդ մակարդակի եզրափակիչ գնահատումը: Հայաստանի շարժական բժշկական գումարտակը պատրաստվում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին, ինչը մեծ հեղինակություն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am