1000х90.jpg (78 KB)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը

Armenpress 19:20, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ այլ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը կարևորեց Խորհրդի և գործընկեր միջազգային կառույցների հետ արդյունավետ, բաց և անմիջական համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին ընդունելության համար, հետաքրքրվեց դատաիրավական բարեփոխումների գործընթացի ներկա վիճակով: Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ Խորհուրդը շահագրգռված է բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար և այդ ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև էլ-արդարադատության տեխնիկական ապահովմանը, համակարգի արագ ներդրման անհրաժեշտությանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին հետագա համագործակցության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am