Զոհրաբ Մնացականյանն ու Ստեֆ Բլոկն անդրադարձել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Armenpress 16:19, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Երևանում կայացած հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղ մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Գործընկերոջս տեղեկացրի խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումների մասին: Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել ԵՄ-ի առաջատար երկրներից մեկի՝ Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ տեղեկություններ կան այն մասին, որ բանակցություններ են վարվում, որպեսզի Արցախում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիների և Ադրբեջանում գերեվարված պատանդների հարազատները կարողանան փոխայցեր կատարել:

«Սա օրակարգային հարց է, որի շուրջ հուսով եմ վերջնականացնել անհրաժեշտ քայլերը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու նման մարդասիրական նախաձեռնություն: Հուսով եմ՝ այն իր դերն ունի փոխվստահության միջոցների համատեքստում: Ուզում եմ նկատել զգայունությունն այս հարցի նկատմամբ, ձևաչափերը գտնելը բավական բարդ է, բայց հուսով ենք կկարողանանք վերջնականացնել: Կարծում եմ, պետք է շարունակել մտածել, գտնել լուծումներ, ինձ համար առաջնային հարցերից է մեր հայրենակիցներին ի վերջո Հայաստան վերադարձելը»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am