Կառավարությունը քաջալերում է գյուղացիներին ներգրավվել խելացի գոմերի կառուցման ծրագրում

Armenpress 15:38, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք Հայաստանում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այն դիլեման է, որ մենք փորձում ենք լուծել, այդ թվում՝ խելացի անասնագոմերի ծրագրով: Այս ուղերձը մենք պետք է հստակ ուղղենք, որ այն ձևերը, որոնցով սովոր ենք կաթ արտադրել, այդ ձևով արտադրված կաթն այլևս մրցունակ չէ շուկայում լուրջ արդյունաբերական, բիզնես գործունեություն ծավալելու համար: Հետևաբար,   քաջալերում ենք, որ ներգրավվեն խելացի գոմերի կառուցման մեջ: Այդ դեպքում մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաև սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար. եթե մարդիկ իրենց սեփական միջոցներով են կառուցում, 50 տոկոսը տալիս ենք: Սահմանային հատվածներում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ մեր գյուղերի գոմերում հեղձուցիչ մթնոլորտ է, և մարդիկ մտածում են՝ այնպես անել, որ կովերը չմրսեն: «Բայց պարզվում է, որ մինչև -30 ջերմաստիճանն կովերի համար նորմալ է: Հակառակը, տաք ջերմաստիճանը խանգարում է նորմալ կաթնատվությանը: Նրանց պետք է ապահովել մաքուր օդով»,- ասաց Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում խելացի անասնագոմերի թիվը 100-ից ավելի կլինի: «Որքան էլ կաթի արտադրությունն աճի, մթերման խնդիր չի լինի: 2019 թ. գնահատականներով ՀՀ-ում արտադրում ենք մոտ 700 հազար տոննա կաթ, իսկ ներքին ինքնաբավության սահմանը մեկ մլն տոննան է: Այսինքն՝ եթե 40 տոկոսով էլ կաթի արտադրությունն ավելացնենք, տեղական պահանջարկը կբավարարի այդ կաթը գնելու համար, իհարկե, խելամիտ գնով ու որակով»,- ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am