1000х90.jpg (78 KB)

Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց կոչ արեցին վերանայել գործելաոճը. փոխադարձ հորդորներ ԱԺ-ում

Armenpress 13:24, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորները փոխադարձաբար դժգոհ ենք միմյանց գործելաոճից:

 «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը կարծում է, որ, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայանում է այնպիսի ընդդիմության դերով, որը բնորոշ էր մինչ հեղափոխությունը ընկած ժամանակին:

ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը հակադարձում է` կոչ անելով իշխանությանը վերանայել իր վարքագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`

Նազարյանը շեշտեց` ժողովրդավար կառավարող ուժն իսկապես լավ ընդդիմության կարիք ունի: «Ինքս էլ կարևորելով ընդդիմության դերը` ներկայացնեմ իմ տեսակետը, թե, իմ կարծիքով, ինչպիսին պետք է լինի ընդդիմության ինստիտուտն այսօր: Բայց մինչ այդ ասեմ, թե ինչպիսին է այն հիմա։ Ցավով եմ նշում, որ անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում, շատ հաճախ անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, իր բառապաշարով, մտածելակերպով և վախերով: Պարոն Մարուքյան, ցավոք, Ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա այնպիսի ընդդիմության դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ավանդաբար ստիպված էինք եղել նախորդ իշխանության ժամանակ, և դա, մեղմ ասած, լավ օրից չէր: Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք  է ելք գտնեք անցյալի ձևերից, հրաժարվեք անցյալի չափանիշներից, անցյալի տեսակի ընդդիմադիրության ռեսուրսը սպառված է մեկընդմիշտ, որովհետև մերժված է, չկա նախորդ իշխանությունը»,-ասաց Նազարյանը:

Հիշեցնելով, որ մի անգամ իրեն առիթ է եղել ասելու, թե պետական կառավարման համակարգը դեռ իներցիայով է շարժվում, քանի որ դժվար է վերափոխվել մի ակնթարթում, հիմա էլ ստիպված է նաև ասել, որ իներցիայով է շարժվում նաև ընդդիմությունը: «Պետք չէ մտածել, թե մարդիկ անցյալում թողեցին միայն նախորդ իշխանությունը, մարդիկ անցյալում թողեցին նաև նախորդ բոլոր ընդդիմությունները: Ուրեմն, անցյալում են ոչ միայն նախորդ իշխանության գործելաոճը, այլև նախկին ընդդիմադիր գործելաոճը»,-նշեց Նազարյանն ու հավելեց` նոր գործելաոճ որդեգրելով է միայն, որ ընդդիմությունը կարող է ունենալ իր կարևոր ներդրումը Հայաստանի քաղաքական մշակույթի զարգացման գործում և բարձրացնել իր կշիռը, ազդեցությունը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն արձագանքեց այս ելույթին` նշելով, որ ցանկացած քաղաքական համակարգի ներսում ընդդիմությունն ունի սահմանափակ միջոցներ ու հնարավորություններ` նախաձեռնողականություն դրսևորելու: «Նախաձեռնողականը պետք է լինի իշխանությունը, հենց այդ նպատակով է դարձել իշխանություն: Այս պարագայում ընդդիմությունը լինում է զուտ պատասխանողի դերում` որոշակի նախաձեռնողություն ցուցաբերելով շատ սահմանափակ թվով հարցերի շրջանակներում: Եվ երբ ընդդիմությունն արձագանքում է ձեր քայլերին նման ձևով, դա նրանից, է, որ դուք վարվում ենք ոչ այնպես, ինչպես պետք է վարվեր արդար, ժողովրդավարական քաղաքական համակարգը: Երբ դուք մերժում ենք ընդդիմության հնարավորություններից մեկը` ստեղծել քննիչ հանձնաժողով և դա մերժում եք ոչ թե իրավական հիմքով, այլ ստեղծելուց հետո զուտ չհաստատելով կազմը, դա խնդիր է առաջացնում, որովհետև ընդդիմությունն առանց այդ էլ սահմանափակ հնարավորություններն ու նախաձեռնողականությունը չի կարողանում իրականացնել»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց` այդ դեպքում ընդդիմությունը ստիպված է լինում դիմել այլ միջոցների` ձայնը բարձրացնելու համար, փորձելով անարդարացի որոշման դեմ իր միջոցով պատասխանել:

Նա նշեց` իհարկե, երբեմն մարդիկ բորբոքվում են, քաղաքական բանավեճն այդպիսին է, մարդը չի կարող չլինել էմոցիոնալ, բայց դրանից բանավեճի էությունը չի փոխվում: «Ես կոչ եմ անում ևս մեկ անգամ վերանայել ձեր վարքագիծը, քանի որ ընդդիմության գործողությունները ձեր վարքագծի արձագանքն են ընդամենը»,-եզրափակեց Սիմոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am