1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Սահմանադրական բարեփոխումների հիմնական թիրախները

Armenpress 21:41, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վարչապետի որոշմամբ արդեն սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար խորհրդարանական խմբակցությունները ներկայացրել են իրենց անդամներին․ «Իմ քայլը» խմբակցությունից՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ Գեւորգ Պետրոսյանին եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Տարոն Սիմոնյանին:

Տարոն Սիմոնյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշում է, որ առաջնային փոփոխության ենթակա դրույթներից է խորհրդարանական հանրապետության իրական գործիքակազմի ապահովումը։ 2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում թեեւ հռչակվել է խորհրդարանական հանրապետություն, սակայն չկան այն գործիքները, որոնցով կյանքի կկոչվի խորհրդարանական հանրապետությունը։ Հակառակ դրան, կան գործիքներ, որոնք տանում են գերվարչապետական համակարգի առաջացման, որի դրսեւորումներից է կայուն մեծամասնության խնդիրը, երբ ընտրություններում քաղաքական ուժը հաղթում է եւ տանում լրացուցիչ տոկոսներ։ «Այս մոտեցումը որեւէ ձեւով չի բխում ժողովրդավարության կայացման ինստիտուտի տրամաբանությունից, այլ ընդհակառակը՝ խոչընդոտում է դրան»,- ասաց նա։

Անդրադառնալով սահմանադրության մեջ արմատական փոփոխություններ կատարելու նպատակահարմարությանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենքի լեգիտիմությունը միշտ չէ, որ պայմանավորված է բովանդակությամբ. «Սահմանադրությունը կարող է ընդունելի լինել իրավակարգավորումներով, իսկ կոնկրետ քաղաքական նպատակներին ծառայեն ընդամենը մի քանի դրույթ։ Սահմանադրական հանրաքվեների խնդիրը եղել է առաջին հերթին վստահության բացակայությունն իշխանությունների հանդեպ։ Երբ 2005 թ. բնակչության ճնշող մեծամասնությունը բոյկոտեց եւ չգնաց քվեարկության, բայց արդյունքում սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, ապա դա անվստահության քվե էր՝ տրված գործող իշխանություններին։ Նույնը 2015-ի մասին է․ ինչ բովանդակության փաստաթուղթ էլ դրվեր հանրաքվեի, միեւնույն է, քաղաքացիների մեծամանսնությունը «ոչ» էր ասելու»»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am