1000х90.jpg (78 KB)

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Armenpress 21:12, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ, դատավորի տված հաղոդրաման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  

«Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար հարկ եմ համարում նշել, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է կոտրված, որը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռևս հունվարի ութին՝ այս տարվա աշխատանքային առաջին օրը աշխատասենյակ մտնելուց հետո, սակայն, ապակու ներսի շերտը եղել է անվնաս: Եվ միայն հունվարի 21-ին երկու ապակիների արանքում գնդակը հայտանաբերելուց հետո է Տ. Գրիգորյանը դիմել ոստիկանություն: Այսինքն նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին, որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին, առավելևս որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին: 

Չնայած այս հանգամանքին, ինչպես նաև նրան, որ քրեական գործը հարուցվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելեւ, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով, նախաքննության ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդականը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am