1000х90.jpg (78 KB)

Անհամատեղելի առողջական վիճակի դեպքում կալանք չպիտի կիրառվի. նախարարը` Մանվել Գրիգորյանի մասին

Armenpress 17:08, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դժվարանում է հասարակական ընկալման տեսակետից մեկնաբանել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, սակայն շեշտում է` կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակի դեպքում չպետք է նման միջոցներ կիրառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Ստեփանյանը նկատեց` Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունն այս անգամ կարծես թե չուղեկցվեց հասարակության մեջ բուռն բողոքի ալիքով ու հետաքրքրվեց, թե, ըստ նախարարի, ինչով է դա պայմանավորված, արդյոք հասարակության վերաբերմունքը տրանֆորմացվել և ավելի մեղմ է դարձել: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք Գրիգորյանի առողջական վիճակի մասին լուրերը համապատասխանում մամուլում զետեղված լուրերին:

Ռուստամ Բադասյանը նշեց` տեղեկություն կար, որ առողջական խնդիրները խորացել են։ «Մեր տիրույթում չի եղել, եղել է առավել շատ իրավապահ մարմինների տիրույթում: Եվ նման որոշում է կայացվել, որ նման դեպքում  կալանքի հետագա կրումը, ազատությունից զրկված վիճակը չի կարող որևէ նպատակ հետապնդել: Իսկ հասարակական ընկալման տեսանկյունից դժվարանում եմ մեկնաբանել, սակայն փաստ է, որ եթե անձը այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»,-ասաց Բադասյանը:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվել է հունվարի 15-ին: Դատախազությունը միջնորդել է` հաշվի առնելով «Նաիրի» ԲԿ–ից ստացված՝  Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ գրությունը, նրա խափանման միջոց կալանքը փոխել։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am