Ոստիկանները բերման են ենթարկել կեղծ համարանիշով ավտոմեքենայով ապօրինի փայտանյութ տեղափոխող անձին

Armenpress 21:48, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունվարի 20-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Այգեհովիտ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութն ստացել է նախորդ շաբաթ` իրենց գյուղի հարակից տարածքից ապօրինի հատելով հինգ ակացիա:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանները պարզել են, որ ծառերը հատելուց զատ` վարորդը նաև կեղծել է մեքենայի համարանիշերը:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am