«Մայքրոսոֆթ»-ը կարող է լինել ATOM-ի հետաքրքիր գործընկերը․ ՀՀ նախագահը հանդիպել է Ջուդսոն Ալթհոֆի հետ

Armenpress 21:20, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է տեխնոլոգիական և կրթական հանգույց դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները։

Ջուդսոն Ալթհոֆն ասել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցությամբ, մասնավորապես, արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և մի շարք այլ ուղղություններով։

Համակարծիք լինելով, որ «Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական հիշյալ ծրագրի համար՝ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և առաջիկայում ստորագրել փոխգործակցության մասին հուշագիր։Անդրադարձ է եղել նաև կրթական ոլորտում համագործակցությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am