Արարատի մարզպետն ու մսավաճառները պայմանավորվեցին սպանդանոցների հարցում սպասել վարչապետի լուծմանը

Armenpress 20:10, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշման դեմ բողոքող անասնապահներին հորդորեց սպասել Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի կողմից առաջարկվելիք լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց անասնապահների հետ հանդիպման ընթացքում:

«Եկեք սպասենք վաղը 16:30-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում առաջարկվելիք լուծմանը: Եթե այն ձեզ չբավարարի, նորից կհանդիպենք»,- ասաց Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը նշեց, որ հարցուպատասխանի ընթացքում կբարձրաձայնեն անասնապահների հարցերն ու մտահոգությունները:

Բողոքի ակցիա իրականացնողները առավոտյան փակել էին նաև Երևան-Արարատ ճանապարհը, որը, սակայն, այս պահին բաց է: Նրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով հորդորել էր դադարեցնել ակցիան մինչև 18:00-ն, ինչից հետո կարող են հանդիպել մարզպետարանի դահլիճում և քննարկել իրավիճակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am