Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին

Armenpress 18:53, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ hունվարի 20-ին տեղի է ունեցել մարզի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփումը:

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, մարզպետարանի ստորաբաժանումների, համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարները, Եղեգնաձորի զինվորական կոմիսարը, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:

Մարզային փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ օպերատիվ տակտիկական պատրաստության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների ռիսկի նվազեցման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման ուղղություններով, ինչպես նաև իրականացվել են արտապլանային միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ:

«Ամփոփման ընթացքում քննարկվել են մարզում առկա արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության խնդիրների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ամփոփելով զեկույցը՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հ. Սարգսյանը ներկայացրեց առաջարկություններ, որոնք ուղղված էին 2020 թվականի ընթացքում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am