Աշխարհում արդեն չկա որևէ զարգացած երկիր, որտեղ կենդանիների մորթն իրականացվի բակում. մասնագետներ

Armenpress 18:30, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդի անվտանգության և կենդանիների առողջության մասնագետները դրական են գնահատում Հայաստանում պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու կառավարության որոշումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Սննդի անվտանգության և կենդանիների առողջության փորձագետ Սերգեյ Չաքմաքչյանը նշեց, որ այսօր աշխարհում արդեն չկա որևէ զարգացած երկիր, որտեղ կենդանիների մորթն իրականացվի բակային պայմաններում:

«Բակային մորթը համարվում է հակասանիտարական և հակահիգիենիկ ու այդ գործընթացն անվերահսկելի է: Կենդանիների մորթի կազմակերպման միակ ընդունելի և ճիշտ տարբերակը սպանդանոցայինն է: Մորթը մի գործընթաց է, որն իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ՝ սկսած ճիշտ մաշկազերծումից, մինչև ցավազրկում, տապալում և ընդհանուր սպանդ: Այս ողջ գործընթացը պարտադիր պետք է անցկացվի սպանդանոցներում, որպեսզի պատշաճ վերահսկողություն լինի»,- նշեց Չաքմաքչյանը:  

Նրա խոսքով՝ շատ կարևոր հարց է նաև սննդի անվտանգությունը, որը չի կարող դրվել նժարին հանուն մի քանի հոգու սոցիալական հարցեր լուծելու: Մասնագետը շեշտեց, որ մինչև մորթելը, կենդանին անցնում է պարտադիր և ամբողջական առողջական զննություն:

CARD հիմնադրամի Մարդկանց և կենդանիների առողջության ու սննդի անվտանգության մասնագետ Արման Բադալյանն ասաց, որ սպանդանոցները շատ կարևոր են մարդկանց առողջության տեսանկյունից:

«Անասնապահներն առաջարկում են 6 ամսով հետաձգել օրենքի կիրառումը, սակայն չեմ կարծում, որ դա ինչ-որ հարց կլուծի: Այս պահին 25 սպանդանոց կա, և դրանք դեռ կշատանան ու օրական ծանրաբեռնվածությունը գնալով կքչանա»,- նշեց Բադալյանը:

Հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է սահմանվել, արգելվել է բակային մորթը: Հունվարի 16-ից անասնապահներն ու մսավաճառները ակցիաներ են իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am