Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Armenpress 17:28, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 21-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից.

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությումբ և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը և Գործառնությունների 2020-2022թթ ծրագիրը:

Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով։

Այս համատեքստում, Տիգրան Ավինյանը մատնանշել է մասնավոր հատվածին ԱԶԲ կողմից աջակցության ծավալների ավելացման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը և առկա հարցերը: Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։ Քննարկվել է նաև Հայաստանի տրանսպորտի ռազմավարության մշակման և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am