1000х90.jpg (78 KB)

Հայաստանը չափազանց նրբանկատ է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ծագած իրավիճակի առումով. ԱԳ փոխնախարար

Armenpress 17:20, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար թե Իրանը, թե ԱՄՆ-ն կարևոր նշանակություն ունեն, երկու երկրների միջև վերջերս ծագած իրավիճակի նկատմամբ Հայաստանը չափազանց նրբանկատ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները թեմայով քննարկմանը:

«Երբ հունվարի 3-ին առաջացավ այդ լարվածությունը, ԱԳՆ-ն աշխատում էր շուրջօրյա ռեժիմով, դա վերաբերվում է թե նախարարությանը, թե դեսպանատներին: Հասկանալի են մեր մտահոգությունները, քանի որ ցանկացած իրարանցում շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ նաև Հայաստանի վրա: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում Իրանը մեզ համար` որպես հարևան: Ըստ էության դեպի արտաքին աշխարհ ունենք երկու պատուհան` Վրաստանը և Իրանը: Այդ տեսակետից մենք միշտ ուշիուշով հետևում ենք այն զարգացումներին, որ կան Իրանի շուրջ: Պատահական չէ, որ Հայաստանն ամենաշահագրգիռներից էր, որ միջուկային խնդրի շուրջ հասնեն համաձայնության: Եվ մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք այդ համաձայնությունը: Սակայն, ցավոք, վերջին զարգացումները բերեցին նրան, որ արդեն դա էլ հարցականի տակ դրվեց: Մի կողմից ԱՄՆ-ն մեզ համար շատ լուրջ գործընկեր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողներից մեկն է, կարևորագույն դերակատարություն ունի կայունության պահպանման հարցում»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց` Մերձավոր Արևելքում ահաբեկիչների դեմ պայքարում երկուսն էլ` թե Իրանը, թե ԱՄՆ-ն շատ կարևոր դերակատարություն են ունեցել: Փոխնախարարը նշեց` Թրամփը հայտնի հրթիռակոծությունից հետո իր ելույթում անգամ ակնարկեց այն ավանդը, որ Իրանն ունեցել է ԴԱԻՇԻ դեմ պայքարում: «Այդ տեսակետից բնական է, որ մենք չափազանց նրբանկատ ենք այդ հարցերի շուրջ, և պետք է ասեմ, որ Իրանն էլ գնահատում է Հայաստանի այդպիսի շահագրգիռ մոտեցումը: Մեզ շատ անգամ շատ պարզ ասում են, որ  14 հարևան երկիր ունեն, որոնք, բացի Հայաստանից, բոլորը մահմեդական են, բայց բոլորից քիչ խնդիրներն ունեն հենց Հայաստանի հետ»,-ասաց Քոչարյանը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սոլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սոլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Հունվարի 8-ին Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար Բոինգ -737 ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել էին: Ավելի ուշ՝ հունվարի 11-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի հետևանքով։ Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել էր, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am