Հայ-չինական բարեկամության դպրոցը երկու երկրների հարաբերություններն ամրապնդող օղակ է

Armenpress 09:20, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաղտնիք չէ, որ ազգային դեմքն ու դիմագիծը պահպանողը լեզուն է: Բազմադարյան պատմություն ունեցող չինացիները դա վաղուց են հասկացել: Հենց այդ է պատճառը, որ նրանք միջոցներ չեն խնայում իրենց լեզուն տարածելու, օտարերկրացիներին չինական մշակույթին հաղորդակից դարձնելու համար: Այդ է փաստում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աջակցությամբ Երևանում բացված Հայ-չինական բարեկամության դպրոցը, որտեղ այսօր ավելի քան չորս հարյուր աշակերտ է սովորում՝ խորացված ուսումնասիրելով չինարենը:

Կրթօջախի ստեղծման, գրանցած հաջողությունների մասին «Արմենպրես»-ին պատմում է դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը:

Նա պատմեց, որ Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 22-ին: Ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և բարձրաստիճան այլ անձինք: Հյուրերը բարեկամության եղևնիներ են տնկել դպրոցի բակում:

«Ինչպես մյուս դպրոցներում, այնպես էլ մեզ մոտ դասավանդվում են բոլոր առարկաները, սակայն, ի տարբերություն այլ ուսումնական հաստատությունների, հայ-չինական բարեկամության դպրոցում օտար լեզուն չինարենն է, ուստի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի զգալի մասը տրամադրել ենք չինարենի ուսուցմանը: 5-9-րդ դասարաններում շաբաթական երեք ժամ ծանրաբեռնվածությամբ են չինարեն անցնում, իսկ 10-12-րդ ավագ դասարաններում` շաբաթական չորս ժամ»,-ներկայացրեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ աշակերտները զարմանալի հետաքրքրություն են ցուցաբերում չինարենի հանդեպ: Նրանցից շատերը ցանկանում են ապագայում ուսումը շարունակել Չինաստանում: «Այդ մասին քննարկումներ են եղել Չինաստանի դեսպանատան, ինչպես նաև Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ: Ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հույս ունեմ, որ չինարենի իմացությունը մոտ ապագայում մեր շրջանավարտներին հնարավորություն կտա բարձրագույն կամ ընթացիկ կրթությունը շարունակել Չինաստանի դպրոցներում և բուհերում»,-նշեց դպրոցի տնօրենը:

 

Այժմ դպրոցում սովորում է 408 աշակերտ: Այս տարի դպրոց ընդունվելու համար դիմել է 170 աշակերտ, բայց ընդունվել է վաթսունը: «Դպրոցի հանրային պահանջարկը մեծ է: Կարծում եմ` դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. դպրոցը գեղեցիկ է, ունի բոլոր պայմանները որակյալ կրթություն ստանալու համար, այն լուսավոր է, ընդարձակ, տաք: Բնականաբար, կան ընթացիկ խնդիրներ, որոնք լուծվում են: Շատ կարևոր է այն փաստը, որ յուրաքանչյուր  դասարանում 15 երեխա է ընդգրկված: Նման դասարաններում աշխատելը և՛ հեշտ է, և՛ հաճելի, և՛ հնարավոր է երեխային անհատական մոտեցում ցույց տալ: Դրա վառ ապացույցը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իններորդ դասարանում «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» առարկաներից տրված գրավոր աշխատանքներն էին: Աշակերտները լավ արդյունքներ գրանցեցին: Բացասական գնահատականի մասին անգամ խոսք չկար: Երեխաները վեց և բարձր գնահատականներ ստացան»,-պատմեց Վարդանյանն ու հավելեց, որ անցյալ տարի 408 աշակերտից 115-ն ուսումնական տարին ավարտել է գերազանց առաջադիմությամբ:

Անդրադառնալով չինարենի մասնագետներին՝ տնօրենը տեղեկացրեց, որ դպրոցում դասավանդում է չինարենի հինգ ուսուցիչ. չորսը՝ չինացի, իսկ մեկը՝ հայ:

«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ այն բոլոր դպրոցներին, որտեղից մեզ մոտ աշակերտներ են եկել, որովհետև երեխաների ռուսերենի և անգլերենի իմացությունը բարձր է: Նրանք այդ լեզուներով են հաղորդակցվում չինացի ուսուցիչների հետ: Նշեմ, որ Չինաստանից ուղարկված դասագրքերի թարգմանությունները կա՛մ ռուսերեն են, կա՛մ անգլերեն: Դեսպանի մոտ բարձրացրել ենք հայերեն թարգմանությունների հարցը»,-նշեց Սպարտակ Վարդանյանը:

Ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար դպրոցում պարբերաբար տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված կարևոր տոներին, իրադարձություններին, ներկայացվում են թեմատիկ ցուցահանդեսներ և այլ նախաձեռնություններ:

«Անցկացրել ենք միջոցառումներ՝ նվիրված Լուսնի տոնին, պանդաներին և այլն: Շատ հետաքրքիր էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության և «Արմենպրես» լրատվական գործակալության իրականացրած «Ճանաչիր Չինաստանը» մրցույթը, որի հաղթողին Չինաստան մեկնելու հնարավորություն էր տրված: Հաղթողը տոն մատուցեց  դպրոցին՝ իր ուղևորությունը նվիրելով մեզ: Ուսումնական տարվա վերջում կհայտարարենք այն աշակերտի անունը, որը մեկնելու է Չինաստան»,-ընդգծեց նա:

Սպարտակ Վարդանյանը շեշտեց, որ հայերի հետաքրքրությունը Չինաստանի և չինարենի նկատմամբ շատ ուրախալի է: «Մեր պետության քաղաքականությունն էլ այս պահին շատ ճիշտ է, որովհետև Չինաստանի նման հզոր տնտեսություն ունեցող երկրի գործընկեր լինելը անհրաժեշտություն է: Չինաստանի պես բարեկամ ու աջակից ունենալը շատ կարևոր է, և չինարենին տիրապետելը մեծ դեր կարող է խաղալ թե՛ չինացի ներդրողին հետաքրքրելու, թե՛առևտրատնտեսական կապը զարգացնելու գործում»,-եզրափակեց Հայ-չինական բարեկամության դպրոցի տնօրենը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հարցազրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի՝ հունվարի 17-ի համարների «Չինաստանը հայերի աչքերով» խորագրով հատուկ ներդիրներում՝ հայերեն և ռուսերեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am