1000х90.jpg (78 KB)

«Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է Հայաստանում դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը

Armenpress 19:21, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է «Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը, որի շրջանակում իրականացնող մարմին է ընտրվել «ԱրմՍվիսԲանկ» ՍՊԸ-ն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանում է «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ազգային լիազորված մարմին։ Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Հայաստանում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառմանն աջակցելու նպատակով։

Դրամաշնորհը նախատեսված է ուղղել Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման իրավիճակի դիտարկմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել առաջարկությունների փաթեթի նախագիծ։

«Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի իրականացման արդյունքում արտոնագրված բանկերն ու ոչ բանկային ֆինանսական հաստատությունները հնարավորություն կստանան բարելավել իրենց կարողություններն ու մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա միջազգային շուկայից ներգրավել հավելյալ ֆինանսական և տեխնիկական միջոցեր՝ Հայաստանում «կանաչ» տնտեսության զարգացման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am